«Մեր երեխաների մեջ Վազգեն էլ է ծնվելու, Դուշման էլ». Դավիթ Ամալյան
«Մեր երեխաների մեջ Վազգեն էլ է ծնվելու, Դուշման էլ». Դավիթ Ամալյան
Bravo.am-ը գրում է․ Նոյեմբերի 7-ին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի մահվան տարելիցն էր. նա զոհվել է 2020 թ.-ին՝ Շուշիի մատույցներում։ Վարդանը, որը վաղ հասակից ստեղծագործում էր, հայտնի երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանի որդին է։
Երգչի հետ հանդիպել էինք մի քանի ամիս առաջ՝ Ֆրանսիայում, առիթը նրա համերգային շրջագայությունն էր Եվրոպայում, սակայն զրույցը ոչ միայն համերգների, այլեւ ընկերության, հայրենիքի եւ, իհարկե, Վարդանի մասին էր։
«Երգեր՝ պոեզիայի նվագակցությամբ» խորագիրը կրող համերգներով Դավիթ Ամալյանը, նրա կինը՝ երգչուհի Արմինե Ամալյանը, դաշնակահար Հայկ Նավասարդյանը եւ ասմունքող Մարինա Հովհաննիսյանը, որը նաեւ բոլոր միջոցառումների կազմակերպիչն էր, հանդես են եկել Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի եւ Իսպանիայի մի շարք քաղաքներում։ Տասներկու համերգ-երեկոները մեծ տպավորություն էին թողել երգչի վրա, սակայն ամենից շատ նա լիցքավորվել էր սփյուռքում ունեցած իր շփումներից։
– Գալուն տրամադրված չէի. ինքնաթիռով թռիչքներից ֆոբիա ունեմ, շատ լարված եմ լինում, բայց փարիզաբնակ Մարինա Հովհաննիսյանը, թեպետ ինքն ինձ համար միշտ մնում է հայաստանցի, կարողացավ ստիպելու աստիճան համոզել, որ կազմակերպենք Եվրոպայի համերգները։ Նա մեր ընտանիքի ընկերն է, մեզ համար շատ թանկ մարդ։ Մարինայի ձայնով պոեզիան դառնում է երաժշտություն։ Եվ պատահական չէր, որ մի գերմանուհի Մարինայի պոեզիայի ժամանակ հուզվեց՝ առանց հայերեն հասկանալու։
– Մեծ տպավորություններ եք ստացել Ձեր հանդիպումներից։
– 16 համերգ ենք ունեցել տարբեր քաղաքներում: Ելույթից հետո խնջույքի էինք, հաջորդ օրը նորից անցնում էինք համերգային վիճակին։ Ի՞նչն է կարեւոր՝ ես վայելեցի մարդկանց: Չգիտեմ՝ իմ երգերով ինչ տվեցի, բայց հաստատ վերցրածս շատ ավելի թանկ է, անկեղծ եմ ասում։ Ես այստեղից մարդկանց եմ «տանում». արդեն նույնիսկ չեմ կարող թվարկել այն անունները, որոնց հետ ընկերացա։
Աշաֆենբուրգի (Գերմանիա) համայնքով եմ հիացած, ղեկավարն էլ Հայկն էր, որ նաեւ համերգի կազմակերպիչն էր․ ամբողջությամբ լցվել եմ դրական զգացողություններով։ Այդ մեծ զգացողությունները հատկապես մի դեպքի հետ էին կապված։ Ինձ շուրջ վեց ամիս առաջ զանգել էր Կարո անունով մի տղա, որը զույգ որդիներ էր ունեցել, մեկի անունը Մոնթե էր դրել, մյուսինը՝ Վարդան՝ իմ Վարդանի պատվին։ Համերգին եկան, եւ ես այդ փոքրիկ Վարդանին գրկելուց չգիտեմ՝ ինչ ապրեցի: Համերգն էլ եկեղեցում էր, մենք խորանում էինք, ու անմոռանալի էր այդ Վարդանի հայացքը դեպի ինձ: Չեմ կարող գնահատել եւ կշռել, թե ինչ տարա ես այդտեղից։ Ապրեցի, վերապրեցի, Վարդանիս վերածնունդը տեսա՝ այդ փոքրիկ Վարդանին գրկելով։
Չգիտեմ՝ ինչու, ցանկություն առաջացավ այդ փոքրիկի կնքահայրը լինել, եւ ինքս առաջարկեցի՝ ասելով, որ եթե որոշած կամ ավանդական քավոր չունեն, կուզեմ իր կնքահայրը դառնալ: Հայրն ասաց, որ Վարդանին կկնքի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, եւ եթե եկեղեցին մերը չլինի, ուրեմն՝ Վարդանը չմկրտված կմնա։ Փշաքաղվեցի ու հասկացա, որ եթե օրը գա, ես Վարդանին գրկած մտնեմ այդ եկեղեցի՝ բառացիորեն իմ Վարդանը կվերածնվի։
Անպայման կշարունակեմ կապը, որովհետեւ ես այդքան լավ երգ չեմ գրում, որքան լավ ընկեր եմ։ Թույլ տվեք այստեղ անհամեստ լինել՝ երբեք երգերիս որակի մասին չեմ խոսի, բայց կասեմ, որ լավ վարորդ եմ, լավ ընկեր եւ լավ խմող (ծիծաղում է,- հեղ.): Կախման մեջ չեմ, ուղղակի սիրում եմ շփվել, կենացներ ասել, որոնց ժամանակ ավելի շատ բան եմ ասում, քան՝ գրածս երգերով։ Ուտել ասելով՝ իհարկե, նկատի չունեմ խժռել։
– Միասին «հաց կիսելու» մասին է խոսքը։
– Այո, հաց կիսել ընկերների հետ։ Ընկերներիս հետ լինելուց շատ մտքեր են գալիս։ Սփյուռքի հայերի կենացը խմելիս միայն մի մաղթանք ունեմ՝ երանի այն օրվան, որ այս ամեն ինչը ձեզ համար կդառնա անցյալ եւ կապրեք Հայաստանում։
– Գուցե Ձեր կենացները երգեր դառնան։
– Երբեմն դառնում են։ Ակնթարթն է, ինչ-որ պահն է երգի ծնունդ դառնում։ Տարիներ առաջ մեքենա էի վարում. ցերեկով մի ավտոմեքենա շատ ուժեղ լույս էր գցում աչքերիս մեջ, ես էլ ջղայնացա, երեւանյան ժարգոնով ինչ-որ բաներ ասացի, մտածեցի՝ ախր օրը ցերեկով ինչի է լույս վառել, հետո հասկացա՝ օրը ցերեկով լույս վառելն ավելի շատ խորհրդանշական արտահայտություն է, եւ դա դարձավ իմ «Հոգու վկա» երգի հենքը:
«Օրը ցերեկով լույս վառողներ կան, գիշերը դարձավ մեր հոգու վկան»՝ բոլոր համերգներս այս երգով եմ սկսում։ Օրը ցերեկով լույս վառելը շատ բնորոշ է քաղաքական գործիչներին, որովհետեւ խոսում են մի բանից՝ ինչն արդեն գիտենք։ Արվեստի ասելիքը գեղեցկության գաղտնիությունն է. փորձում ես գեղեցկությունը բացահայտել, իսկ քաղաքականությունը գեղեցկության բացակայությունն է, որովհետեւ ասում ես այն, ինչ կա։ Հատկապես վերջերս ժամերով ձայներ են հանում, բայց ոչ մի ասելիք չկա։ Մարդու տեսակ կա, որ ժամանակի հետ թրծվում է, բայց կան մարդիկ, որ չեն փոխվել. չի կարելի անընդհատ ձայն հանել եւ ոչինչ չասել։ Նույնիսկ լվացքի մեքենան, որ ձայն է հանում, դրա արդյունքն այն է, որ հագուստը մաքրվում է։
Արդյո՞ք հիմա կարիք ունենք Վազգեն Սարգսյանի նման անհատի եւ կա՞ նման մարդ։
– Ոչ միայն կարիք ունենք, անհրաժեշտություն ունենք, այս փոքրիկ Վարդանը, որին գրկեցի, Բարսելոնայում մեկ այլ երեխայի գրկեցի, նրա աչքերում այնքան բան տեսա, գալու են, այդ երեխաների մեջ Վազգեն էլ է ծնվելու, Դուշման էլ, Մոնթե էլ… Ում կորցրել ենք, նրանք հերթով գալու են։ Միգուցե ուրիշ անունով, միգուցե չիմանանք, որ այդ մարդիկ են, բայց անպայման լինելու են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում