Մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան Թեղուտ բնակավայրի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բուժքույրը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Բերդ բնակավայրի «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում ու նշված հիվանդանոցից բուժառու էին տեղափոխել Երևան ու վերադառնում էին «Բերդ» բժշկական կենտրոն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



