Մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի` օպերատիվ է գործել նաև «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտալրագրողի տեղեկություններով` վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանրության, մեկն էլ՝ ծանր կայուն:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաև, որ վթարված «MAN»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի» ընկերությանը, մեկն էլ՝ ճանշինին:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները նշում էին, որ ճանապարհին եղել է մերկասառույց և միայն վթարից հետո է ճանապարհը սպասակող ճանշինը ժամանել ու սկսել աղ ու ավազով ճանապարհի մշակման աշխատանքներ կատարել: