Մեսչյանը, եթե ավելի վաղ նշանակվեր, Երևանը ծայրահեղ վիճակում չէր հայտնվի․ Թոքմաջյան
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի դիտարկմամբ, հին ու նոր Երևանի միջև կապ այդպես էլ չստեղծվեց: «Հինը շատ անխիղճ ձևով քանդվեց, նորն էլ՝ այս անհայրենիք էլիտար շենքերը… Չգիտես, թե հիմա Երևանն ինչ ուղղությամբ է գնում: Կարծում եմ՝ Երևանը չպիտի լինի Եվրոպայի նման, չպիտի լինի Ասիայի նման: Երևանը պիտի լինի Երևանի նման: Հին Երևանի շենքերից յուրաքանչյուրը մարդկային ոգու ճիչ ոնց որ լիներ»,- այսօր հայելի ակումբում ասաց Լեւոն Թոքմաջյանը:
Անդրադառնալով Արթուր Մեսչյանի՝ ճարտարապետ նշանակմանը՝ նա ասաց, որ շատ կցանկանար, որ նա ավելի շուտ նշանակվեր այդ պաշտոնում, որպեսզի Երևանը ծայրահեղ վիճակում չհայտնվեր, չկառուցվեին էլիտար միանման շենքեր, որտեղ ոչ մի ճարտարապետական լուծում չկա: Արվեստագետ Դավիթ Գասպարյանն էլ է գոհ Արթուր Մեսչյանի նշանակումից: Նա համարում է, որ Արթուր Մեսչյանը արտակարգ լավ և բարձր որակով է նախագծել Կոմիտասի թանգարանն ու Մատենադարանի երկրորդ մասնաշենքը:
Ի տարբերություն նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումից առաջացած հասարակական դժգոհություններին՝ այս նշանակումն էլ արվեստագետի սրտովն է. «Նա ուժային կառույցում երկար ճանապարհ անցած մարդ է: Առհասարակ մարդը համակարգի մեջ է իրեն դրսևորում, կոռուպցիոն համակարգի մեջ ինքն էլ ուզի, չուզի դառնալու է այդպիսին, չուզի այդ օղակից դուրս կգա, իր փոխարեն ուրիշը կգա»:
Դավիթ Գասպարյանը անդրադարձավ նաեւ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը՝ նշելով հեղափոխությունների օրինաչափության իր երեք օրինակը. «Թեկուզ երեք փսլնքոտ, բայց՝ մերը: Խելոքները մտածում են՝ կյանքը փոխելու մասին, դժբախտաբար, սրիկաներն էլ վայելում են հեղափոխության պտուղները, և երրորդը՝ հեղափոխությունը լափում է իր զավակներին:
Այս երեք օրինաչափություններից ոչ մեկն էլ չեղավ Հայաստանում…Կա պայքարի ժամանակ, և կա հաշտության ժամանակ, և հենց այդ հաշտության ժամանակն է, որ շուրջդ ես նայում, նոր կադրեր փնտրում, ոչ միայն նրանց, որոնք հետդ քայլել են, այլև մասնագետների ես բերում գործի գլուխ»:
Աղբյուր՝ aravot.am