Մամուլ

Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին: «Ձեզ հետ քննարկումից հետո մեր ձեռք բերված պայմանավորվածության ընթացքում ես ուզում էի զեկուցել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել», – դիմելով վարչապետ Փաշինյանին՝ ասաց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է, և դրանք այլևս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում:

«Երկրորդը՝ ընդհանուր տեսակի փորձաքննություններն էին, որոնք ժամանակացույցով նշանակվում էին, և դրանք դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն, դիմեն նախարարություն:

Նաև համաներման ժամանակ որոշումներ են կայացվել, որտեղ առանց հիմնավորումների կարգ է փոխվել, հանձնարարել եմ իրավապահներին ուսումնասիրել, թե ինչու է փոխվել կարգը, ու այն հաշմանդամները, ովքեր զրկվել են հաշմանդամության կարգից, կվերականգնեն իրենց կարգը», – նշեց նախարարը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ նշելով, որ յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա, որը պետք է հաշվի առնել: Վարչապետն էլ նշեց՝ պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, և այստեղ երկրորդ տարբերակ չկա:

«Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն և այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ, փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի:

Հիմա ՊԵԿ-ը, դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարո՛ն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ aysor.am

Կիսվել