«Մենք պարզապես սիրել ենք իրար և միասին ապրել». Մարի Պետրոսյանը՝ նորածին բալիկի, բամբասանքների և դեպրեսիայի մասին
«Մենք պարզապես սիրել ենք իրար և միասին ապրել»։ Հաճախ մենք չենք տնօրինում ու գծագրում այն, ինչ տրված է ի վերուստ եւ պետք է լինի: Երիտասարդ դերասանուհի Մարի Պետրոսյանին էլ շատ պատահական, արագ եւ հանկարծակի այցելեց երջանկությունն ու իր հետ բերեց մայրություն: Մարիի անձնական կյանքում փոփոխությունը մինչ այսօր էլ քննարկման առարկա է շատերի համար. ոմանք ուրախանում եւ շնորհավորում են, ոմանք էլ, ինչպես միշտ, չեն դադարում բամբասել եւ հետաքրքրվել մանրամասներով:
BRAVO.am-ի հետ զրույցում Մարին անկեղծորեն պատմել է մայրանալու, հետծննդաբերական դեպրեսիայի մասին, եւ ոչ միայն: Ի դեպ, նա առաջին անգամ նշել է նաեւ բալիկի անունը. առաջնեկին անվանել են Մոնթե, որն էլ դերասանուհու ամենասիրելի անունն է:
Անձնական կյանքում տեղի ունեցած մեծ փոփոխությունը շատ արագ է ստացվել: Ինչպես նա է նշում, ժամանակ ու ցանկություն չի ունեցել ամեն բան հանրայնացնելու. չէ՞ որ դա իր անձնական կյանքն է.«Ես պարտավորություն չեմ համարել, որ բոլորն իմանան՝ սիրելի ունեմ, միասին ենք ապրում, բալիկի ենք սպասում: Կարելի է ասել, որ ամուսնություն չի եղել: Մենք պարզապես սիրել ենք իրար եւ միասին ապրել»,-անկեղծանում է նա, ապա նաեւ հավելում.«Այսօր յուրաքանչյուրն իր կյանքն ունի: Լինում են դեպքեր, երբ հենց առանց ամուսնության բալիկ էլ են ունենում: Ես ոչ մեկին երբեք չեմ քննադատում, բայց պետք չէ չար լինել եւ շնորհավորելու փոխարեն անդադար հետաքրքրվել, թե ինչու եմ բալիկ ունեցել` առանց ամուսնության: Ցավում եմ, որ նման մարդիկ կան»:
Մարին խոստովանում է, որ մինչեւ մայրիկ դառնալը չի պատկերացրել ոչինչ եւ վստահ է եղել՝ դեռ շատ շուտ է մայրանալու համար: Փոխարենը՝ ձգտել է աշխատել, կատարելագործվել իր կարիերայում եւ վայելել երիտասարդ տարիները: Բայց եւ այնպես, միշտ չէ, որ մենք ենք տնօրինում ամեն բան, եւ կյանքն իր անակնկալները ճիշտ ժամանակին էլ մատուցում է.«Մինչեւ սիրելիիս հանդիպելը չեմ էլ մտածել շուտ երեխա ունենալու մասին, սակայն կարծում եմ՝ երբ Աստված այդ հրաշքին ստեղծում է քո ներսում, մայրական բնազդն ինքնըստինքյան է արթնանում: Վստահ եմ` Աստված կամեցավ, որ ես այսքան շուտ երջանկանամ: Նրա ծննդից հետո ես ամբողջությամբ լցվել եմ, այսքան երջանիկ ինձ դեռ երբեք չեմ զգացել. բալիկս ինձ միայն լավն ու դրականն է փոխանցում»:
Որդու հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է եղել դերասանուհու համար. «Երբեք չեմ մոռանա այդ պահը: Բերեցին նրան, համբուրեցի: Այդ հայացքն ու անուշ բույրը, հաստատ, չեմ մոռանա երբեք: Մի անբացատրելի զգացողություն, երբ աչքիդ առաջ քո կյանքն ամբողջությամբ փոխվում է: Ի դեպ, բալիկս ինձ ընդհանրապես նման չէ, այլ` հայրիկին»,-ուրախությամբ նշում է նա:
3 ամսական Մոնթեի խնամքով ի սկզբանե միշտ Մարին է զբաղվել, ասում է՝ օգնող ընդհանրապես չունի: Ինչպես երեւի յուրաքանչյուր մայրիկ, նա եւս ունեցել է հետծննդաբերական դեպրեսիա, որն արդեն կամաց-կամաց հաղթահարում է. «Գիշերները, երբ բալիկս հանգիստ քնած է, մի պահ վրա է հասնում դեպրեսիան: Կարծում եմ, որ բոլոր մայրիկների դեպքում էլ լինում է, քանզի երեխայի ծննդից հետո ամեն բան, իհարկե, լավ առումով, խառնվում է իրար: Ես արդեն փորձում եմ դուրս գալ այդ վիճակից, եւ ինձ շատ է օգնում երաժշտություն լսելն ու բալիկիս հետ շփվելը»:
Զբոսանքի, ցավոք, շատ չի տանում բալիկին, չնայած՝ նշում է, որ տանը գեղեցիկ բակ ունեն, եւ նա միշտ ստանում է անհրաժեշտ մաքուր օդն ու արեւի ջերմությունը. «Ամեն կիրակի երեխայիս հետ եկեղեցի եմ գնում: Մի քանի անգամ դրսում զբոսնելիս նկատել եմ` ինչպես են թաքուն նկարում մեզ, հետո ուղարկում ինձ. դա ինձ դուր չի գալիս»:
Զրույցի վերջում դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք կցանկանա շարունակել նկարահանվել.«Շատ եմ ուզում: Այն մարդկանցից չեմ, որ տանը նստեմ տնային տնտեսուհու կարգավիճակում, եւ երբ ստանամ համապատասխան առաջարկ, մի փոքր էլ երեխաս մեծանա, նրան կխնամի կամ տատիկս կամ դայակը, իսկ ես նորից կզբաղվեմ ինձ հարազատ աշխատանքով»,-եզրափակեց նա:
Աղբյուր՝ bravo.am