«Մենք պատրաստ ենք ընդլայնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները». Իրանի նախագահը՝ Փաշինյանին
«Մենք պատրաստ ենք ընդլայնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»։ Այս մասին ասեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ռոհանին ասել է. «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի:
Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները:
Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին` ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու համար:
Իր հերթին Հասան Ռոհանին կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները: