Մենք ասում ենք` մարդուն չենք տուգանելու, դուք ասում եք` ժպտացեք, նկարում ենք
Armeniasputnik.am-ը գրում է․ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց օրինագիծ, որով առաջարկվում է շարժական տեսախցիկները ոչ թե վերացնել, ինչպես պահանջում է հանրությունը, այլ դրանք քողարկված դաշտից հանել և դարձնել հանրության համար տեսանելի ու բացահայտ:
Վարորդների խնդրանքով․ կվերադարձնի՞ արդյոք Փաշինյանը աջ ղեկը Հայաստան Ներկայացված օրինագիծը նախատեսում է շարժական տեսախցիկներով կահավորված ավտոմեքենաները կահավորել հատուկ տարբերանշաններով, որպեսզի հանրության համար պարզ դառնա, որ դրանք տեսանկարահանող ավտոմեքենաներ են:
Իսկ ճանապարհի այն հատվածներում, որոնք գտնվում են տեսախցիկի նկարահանման գոտում, տեղադրել այդ մասին նախազգուշացնող ցուցանակներ: «Մենք անընդհատ ասում ենք` մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք` բերենք շրջիկ ավտոմեքենաներն էլ կիրառենք, որ մարդկանց ավելի շատ տուգանենք,- Օսիպյանի ներկայացրած նախագծին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-Մենք քաղաքական հայտարարություն ենք արել, որ դադարենք քաղաքացիներին ամեն տեղ տուգանել, հիմա դուք քննարկում եք` քաղաքացուն փարոսիկով տուգանենք, թե առանց փարոսիկի»:
Փաշինյանը զայրացավ ու կառավարության անդամներին հրահանգեց չշեղվել քաղաքական կուրսից: «Ես հասկանում եմ, որ համակարգի դիմադրություն կա, բայց չի լինելու այս բանը: Մենք ասում ենք` մարդուն չենք տուգանելու, դուք ասում եք` ժպտացեք, նկարում ենք: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,- ասաց Փաշինյանն ու կոչ արեց պետական բոլոր մարմիններին սա ընդունել ի գիտություն:
Աղբյուր՝ armeniasputnik.am