Մենք այս պահին Եվրոպայի ամենաբարձր զարգացման տեմպ ունեցող պետությունն ենք. Գևորգ Պապոյան
Մենք այս պահին Եվրոպայի ամենաբարձր զարգացման տեմպ ունեցող պետությունն ենք։ Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ: ՊԵԿ նախագահը նշեց, որ կատարողականի առումով մենք ունենք շուրջ 63 մլրդ դրամ գերակատարում կամ 9.6 տոկոս:
«Մեր քաղաքացիներն իրենց գործողություններով այնպես են արել, որ պետական բյուջեում շատ հարկեր են ձեւավորվել, պետությունն էլ այդ ձեւավորված հարկերից մեր քաղաքացիների աշխատավարձերն ու կեսանթոշակներն է ավելացնում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:
– Պարոն Պապոյան, ինչի՞ արդյունքում են 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները գերակատարվել 9.6 տոկոսով:
– Եկեք դեռ գերակատարումից չխոսենք. ընդհանրապես, նախորդ կիսամյակի համեմատ, եթե նկատում ենք 24.7 տոկոսով ավելի շատ բյուջետային եկամուտներ են հավաքագրվել, մոտ 150 մլրդ դրամի մասին է խոսքը: Այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա եւ ես ուզում եմ առաջին հերթին մենք դրան անդրադառնանք, քանի որ այսօր էլ կառավարությունը մի քանի կարեւոր որոշումներ ընդունեց եւ դրանք իրար հետ սերտորեն փոխկապակցված են:
Այստեղ 3 հիմնական բան կա. առաջինը մեր քաղաքացիներն են, որոնք պահանջել են ՀԴՄ կտրոններ, ինչի հետեւանքով, բնականաբար, ձեւավորվել են համապատասխան հարկեր, որոնք վճարվել են պետական բյուջե, եւ այդ ավելցուկն առաջացել է: Երկրորդը մեր գործարար քաղաքացիներն են, որոնք հեղափոխությունից հետո հավատացել են այս պետությանն ու իշխանությանը եւ հոժարակամ հարկեր են տալիս, քանի որ իրենք այլեւս գիտեն, որ այդ գումարները ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին: Երրորդը ՊԵԿ-ի կողմից արդյունավետ վարչարարության իրականացումն է, որի արդյունքում այդ գումարները ձեւավորվել են:
Մյուս կողմից՝ տեսեք. այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որ 560 հազար քաղաքացու կենսաթոշակ 2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 10 տոկոսով: Այսինքն, սա պատասխան արձագանքն է: Մեր քաղաքացիներն իրենց գործողություններով այնպես են արել, որ պետական բյուջեում շատ հարկեր են ձեւավորվել, պետությունն էլ այդ հարկերից մեր քաղաքացիների աշխատավարձերն ու կեսանթոշակներն է ավելացնում, բանակին ուղղվող միջոցներն է մեծացնում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության միջոցներն է ավելացնում:
Օրինակ՝ ուսուցիչների աշխատավարձն է բարձրանում, որը գրեթե 1 տասնամյակ առաջ է վերջին անգամ բարձրացել ու այսպես շարունակ: Այսինքն, կարծում եմ սա պետություն-քաղաքացի արդյունավետ համագործակցության արդյունքն է, որին թե՛ պետությունը, թե՛ քաղաքացիները, եւ թե՛ մեր գործարարները շատ լավ արձագանքում են:
– ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ տարվա երկրորդ կիսամյակում նման արդյունք դժվար թե լինի: Սա ինչո՞վ է պայմանավորված: Քաղաքացիները նույն ակտիվությունը չե՞ն ցուցաբերի:
– Ոչ, բացատրեմ այստեղ ինչ խնդիր կա. արդեն անցած տարվա 2-րդ հատվածում աշխատել է այս իշխանությունը եւ մեր հասարակությունն արդեն իսկ սկսել էր ավելի շատ ՀԴՄ կտրոններ պահանջել, մեր գործարարների մի զգալի շրջանակ արդեն իսկ սկսել էին նախկինից շատ ՀԴՄ կտրոններ տրամադրել, արդեն իսկ այս վարչարարությունը սկսել էր ձեւավորվել: Այսինքն, բազայի խնդիր կա:
Անցած տարվա առաջին կիսամյակում բազան շատ ցածր էր, 2-րդ կիսամյակում բազան բարձրացել էր եւ, բնականաբար, բարձր բազայի վրա շատ հարկային եկամուտներ հավաքագրելը դժվար է: Այսինքն, ոչ թե վարչարարությունն է փոխվելու կամ մեր քաղաքացիների վարքագիծն է փոփոխվելու, այլ արդեն իսկ անցած տարվա 2-րդ կիսամյակում մեր քաղաքացիների վարքագիծը փոխված էր, հետեւաբար փոխվածի վրա դժվար է լինելու: Օրինակ եկող տարի առաջին կիսամյակում այսպիսի աճ ապահովել ուղղակի անհնար է պատկերացնել:
Նախկինում գիտենք՝ ինչ է եղել: Ե՛ւ մեր քաղաքացիներն էին անտարբեր այդ պրոցեսին, ե՛ւ պետությունը, հարկային եւ մաքսային մարմինները կոռուպցիայի մեջ թաթախված էին, ու ոչ թե պետական բյուջե հարկեր էին հավաքագրում, այլ կոռուպցիոն մեխանիզմներով ինչ-որ գումարներ էին իրենց սեփական գրպանները լցնում: Ու այդ ժամանակ գործարարներն էլ ձգտում էին չտալ, որովհետեւ գիտեին, որ այդ գումարների մի զգալի մասը չի ծառայելու պետությանն ու քաղաքացիներին: Հիմա այդ 3 վատ բաները բացակայում են: Այսինքն՝ չկա կոռուպցիա, կա վստահություն պետության նկատմամբ գործարների կողմից եւ կա վստահություն պետության նկատմամբ քաղաքացիների կողմից: Բնականաբար, այս միջավայրում այդ բարձր հարկային հավաքագրումներն ապահովվում են:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։