Մենք այլևս չենք անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Լիլիթ Մակունց
Մենք այլևս չենք անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Լիլիթ Մակունց։
Armtimes-ը գրում է․ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանրային գործունեությունն սկսվել է հեղափոխությունից հետո, եւ այն ճանաչման համար, որը նա ունի հիմա, պարտական է հեղափոխությանը, մասնավորապես՝ վարչապետին:
Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
«Հայտարարությունները, որոնք այսօր անում է Վանեցյանը, պետք է հասկանանք՝ մենք դրանց վերաբերվում ենք՝ որպես ԱԱԾ նախկին տնօրենի՞, թե՞ ենթադրյալ քաղաքական հայտ ներկայացնողի հայտարարությունների»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ քաղաքական հայտարարությունները, որոնք արվում են, բավական մակերեսային են, որովհետեւ Արթուր Վանեցյանը, ըստ էության, չունի որեւէ քաղաքական կապիտալ, նրա հանրային գործունեությունը տեղավորվել է բացառապես ԱԱԾ տնօրեն լինելու հանգամանքով:
«Կարծում եմ, որ այդ հայտարարություններն իրականությունից կտրվածության որոշակի դրսեւորումներ ունեն, քաղաքական կոնկրետ ասելիքի բացակայություն կա, ավելի շատ համացանցում քաղաքացիների աչքին երեւալու ցանկության հետ է պայմանավորված»,- եզրափակեց Կոնջորյանը:
Այս հարցի շուրջ խոսեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա կարծիքով՝ այլեւս չպետք է անդրադառնալ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, քանի դեռ նա հանրային կերպով հայտ չի ներկայացրել:
«Երբ ԱԱԾ նախկին տնօրենը կհայտարարի, որ նա զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլորի դիրքավորումները, եւ մենք կհասկանանք, թե նրան որպես ինչ ենք արձագանքում:
Մինչ այդ՝ մենք այլեւս չենք անդրադառնալու Արթուր Վանեցյանի հայտարարություններին»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը:
Աղբյուր՝ armtimes.am