Մամուլ

Մեղադրյալներից մեկը ՔՊ-ական փոխքաղաքապետի նշանածն է․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվեց։

Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եւ իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկի նկատմամբ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները, համայնքապատկան գույքն իրենց նախընտրելի անձին օտարելու համար ազդել են աճուրդի մյուս մասնակիցների վրա եւ ապօրինաբար օտարել գույքը։

Քննչական կոմիտեն իրավաբանական բաժնի մասնագետի նկատմամբ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ վերջինս Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Գոռ Սարիբեկյանի նշանածն է՝ Արփինե Ավագյանը։

Զրուցել ենք Սարիբեկյանի հետ։ Նա նշում է, որ զգուշացրել է իր նշանածին, որ ապօրինի թեմաների մեջ չմտնի, հրաժարվի կատարել իրեն տրված ապօրինի հրահանգները։

– Ի՞նչ է կատարվել Փարաքարի համայնքապետարանում, ի՞նչ տեղեկություններ ունեք այս մութ պատմությունից։

– Տվյալ արարքի կատարման ժամանակ իմ եւ Արփինե Ավագյանի միջեւ եղել են աշխատանքային հարաբերություններ, անձնական հարաբերություններ չեն եղել։ Երբ Արփինե Ավագյանին ասվում է, որ երբ ինչ-որ մեկը մոտենա՝ աճուրդի դիմում գրելու, ինքը տեղեկացնի, իսկ դրանից հետո դուրս գա համայնքապետարանի շենքից, որ դիմումները չընդունի։ Արփինե Ավագյանն ինձ զանգահարում ու ասում է, թե նման հանձնարարություն է ստացել, կատարել է։ Ես նրան հստակ ասում եմ, որ այդ գործողությունների կատարման հետեւանքով իրավական լուրջ հարցեր կարող են առաջանալ։

Արփինեն լինում է մի քանի ամսվա աշխատող, նման պատասխանատու գործը չէր կարելի հանձնարարել մի քանի ամսվա աշխատողի, այն դեպքում, երբ այդ նույն հիմնարկում տարիներ շարունակ աշխատողներ կան։ 

– Ո՞վ է Արփինեին նման հանձնարարություն տվել, Փարաքարի նախկին համայնքապե՞տը, թե՞ Մերձավանի վարչական ղեկավարը։ 

– Ես դա չեմ կարող ասել, որ մերկապարանոց չհնչեն իմ խոսքերը։ Երբ Արփինե Ավագյանն ինձ տեղեկացնում է, ես նրան հանձնարարում եմ, որ վերանայի հանձնարարությունը, անհրաժեշտ է կանգնեցնել գործընթացը։ Արփինեն կամովին հրաժարվում է։

Համայնքապետը հետ է վերադառնում, նա ասում է, որ չի գնալու համայնքապետարան։ Ըստ էության, բոլորն էլ գիտեն, որ Արփինե Ավագյանը եւ ես նման արարքը չենք կարող ողջունել։ Վարույթն իրականացնող մարմինը բոլոր ապացույցներն ունի, հուսով եմ՝ դրանք կհրապարակվեն, կփաստվի, որ Արփինեն չի ունեցել որեւէ շարժառիթ։ Ես այդ ժամանակ ավագանու անդամ չեմ եղել, համայնքի ղեկավարի տեղակալն էի արդեն ու որեւէ կերպ թաթախված չեմ այս թեմաների մեջ։ 

Կիսվել էջում