Մամուլ

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։

«Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական մրցույթը չհաղթահարած դիմորդները, այնպես էլ հիմնական փուլում բուհ և մասնագիտություն չհայտագրածները։ Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացածներին»,-նշված է կրթական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-ին։