ՄամուլՔաղաքականություն

Մեծ հանրահավաք է լինելու․ օրն ու ժամը հայտնի են

Մեծ հանրահավաք է լինելու․ օրն ու ժամը հայտնի են

Hraparak.am-ը գրում է․ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ փետրվարի 20-ին՝ ժամը 17։30-ին Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա։ Շարժման համահիմնադիրներ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ներկայացրեցին կայանալիք հանրահավաքի բովանդակությունը եւ հանդես եկան մի շարք բացահայտումներով։

«Այսօրվա էլիտան լուռ է, ում հետ խոսում ես՝ վախվորած են, մտածում են պաշտոն կկորցնեն։ Մենք խնդիր ունենք ժողովրդի վստահությունը վերականգնել այն ընտրանու նկատմամբ, որը պիտի ձեւավորվի այսօր։

Փետրվարի 20-ի հավաքի նպատակն այն է, որ նորից ներկայացնենք հայ ժողովրդի միասնականությունը։ Մենք պետք է նորից ցույց տանք, որ այսօրվա իշխանությունը չի ներկայացնում Հայաստանը, նրանք խայտառակում են «ռեսպուբլիկան»։ Նիկոլ կոչվածն այլեւ հարգանք չի վայելում։ Մյունխեն գնալուց, երեւի, նույն ինքնաթիռով Սուրեն Պապիկյանին եւ Էդվարդ Ասրյանին հետը տարել էր, մյուս դռնից իջել էին, որ իրեն դիմավորեն, այլ դիմավորող չկար այնտեղ։ Այդ մարդը մեր մեծ խայտառակությունն է»,-ասաց Արամ Սարգսյանը։ 

Հրանտ Բագրատյանը նկատեց՝ մարդկանց մեջ կա հուսահատություն, առաջարկեց՝ թոթափել այդ հուսահատությունը, ասում է՝  Բիսմարկը ստեղծեց Գերմանիան, Գեւորգ Մարզպետունին ստեղծեց Բագրատունիների թագավորությունը, ուստի  ամեն մարդ պիտի իրեն հաշիվ տա, գիտակցի, որ իրենից շատ բան է կախված։ 

«Մեր դիտարկմամբ՝ բոլորը հասկանում են՝ Նիկոլի հետ ոչ մի տեղ գնալ չեն կարող։ Նա արդեն նույնիսկ դավաճան չէ, հայ ազգի թշնամին է։ Մենք ստեղծել ենք ձեզ համար այս հնարավորությունը, որ գաք եւ մասնակցեք, ինքներդ ղեկավարեք շարժումը։ Մենք միակը չենք, կան ուրիշներ, ովքեր գուցե այդ օրը մեզ հետ լինեն հարթակում։ Մի՛ ծուլացեք, շատ վատ հետեւանքներ կլինի։ Մենք չենք տեսնում, որ հայ ժողովրդի վիճակը թեթեւացնելու համար աշխատանք է տարվում, մի՛ մոռացեք Արցախը»,-ասաց Բագրատյանը։ 

Նա վերստին կոչ արեց՝ մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։