Մելինեն մահացել է, այդ անունով մարդ չեմ տեսնում, կա Մելո Դալուզյան․ Փաշիկ Ալավերդյան
Մելինեն մահացել է, այդ անունով մարդ չեմ տեսնում, կա Մելո Դալուզյան․ Փաշիկ Ալավերդյան։ «Հայկական ժամանակ»-ը գրում է․ Այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում, դժգոհությունները չեն դադարում:
Քննադատության են ենթարկվում թե՛ ֆիլմի հեղինակներն ու ֆինանսավորողները, թե՛ ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամը:
Նաեւ օրակարգային է դարձել Մել Դալուզյանի վերաբերյալ նախկինում արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ նա մարզական կարիերայի ընթացքում արգելված խթանիչներ է օգտագործել:
Լոնդոն 2012-ում Դալուզյանի դոպինգ-թեստի վերստուգման արդյունքում նրա նմուշում դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն ու ստանոզոլոլ է հայտնաբերվել: Այս օլիմպիական խաղերում նա մեդալ չէր նվաճել:
Այս տեղեկատվությունը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել էր դեռ 2018 թ. դեկտեմբերին: Միջազգային օլիմպիական կոմիտեն նույնպես այս մասին տեղեկացրել էր 2019-ի մայիսին՝ ավելացնելով, որ հետագա պատժամիջոցների մասին որոշում պետք է կայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկված մարզիկների ցանկում Դալուզյանի անունը չկա, սակայն սա չի նշանակում, որ նրա դրական դոպինգ-թեստը չի անդրադառնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի վրա:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խստորեն պատժելու է այն երկրներին, որոնք 2008 թ. օլիմպիական խաղերից սկսած՝ 20 եւ ավելի դրական թեստեր ունեն:
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքը մարզիկների քանակի մասին է ու Դալուզյանի հետ միասին ստացվում է, որ Հայաստանի 19 մարզիկ է դրական դոպինգ թեստ ունեցել:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նաեւ խոսեց այն մասին, որ Դալուզյանը մի քանի տարի է՝ կապ չունի ֆեդերացիայի հետ: Նշեց, որ նույնիսկ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հարցրել են Դալուզյանի մասին, իսկ ինքը պատասխանել է, որ իր համար նա մահացած է:
«Ես ասել եմ, որ Մելինեն մահացել է, Մելինե Դալուզյանը մահացած է: Ասել են՝ ինչո՞ւ, ասել եմ, որովհետեւ հիմա Մելինե Դալուզյան անունով մարդ չեմ տեսնում: Կա Մելո Դալուզյան: Մելոն դա Մելինեն չէ»,- պատմեց Ալավերդյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում