Ազատ խոսք

Մեզ համար հիշատակի օրեր չեն լինում օրացույցով սահմանված, մեզ համար բոլոր օրերն են հիշատակի օրեր. Նանե Արզումանյան

Նանե Արզումանյանը գրում է․ «Մեզ համար հիշատակի օրեր չեն լինում օրացույցով սահմանված։ Մեզ համար բոլոր օրերն են հիշատակի օրեր՝ առանց ձևականության, առանց ցուցադրական խոնարհումների ու պահի համար հարմարեցված խոսքերի։

Երբ Եռաբլուրում կամ բեմերից նահատակների առաջ ծնկի եք իջնում, հիշեք, թե ինչպես եք նույն այդ նահատակներից մեկի ընտանիքի անդամին ասում՝ «չի կարելի հույզերով առաջնորդվել»։

Պատմեմ այսօրվա հուզառատ օրերիցս մեկը, որոնք մեզ համար վաղուց արդեն սովորական են դարձել.

72-ամյա հորս և 70-ամյա մորս հետ գնում ենք Եռաբլուր։ Հայրս առավոտյան Գորիսից է ճանապարհ ընկել, որպեսզի որդու շիրիմը մաքրի։ Մի՛ փորձեք անգամ պատկերացնել այն սարսափը, երբ ուզում ես ինչ-որ բան փոխել, բայց կանգնած ես լիակատար անզորության առաջ։

Հայրս միշտ հզոր է եղել։ Այդպես են ճանաչել նրան բոլորը։ Այսօր նա դողացող ձեռքերով ձյուն է մաքրում որդու շիրիմից։ Ես խոսում եմ, նա հազիվ է լսում, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմի դաշտում կորցրել է լսողությունը։ Պատերազմը նրանից խլեց ոչ միայն որդուն, այլև լսելու ունակությունը՝ թողնելով լռություն, որը օրեցօր ավելի ծանր է դառնում։

Մայրս՝ կարծրացած տարիների ցավից ու կուտակված անարդարությունից, շարունակում է մնալ այս մոլորակի ամենամաքուր մարդը։ Նրա լռությունն ավելի բարձր է, քան շատերի ճիչերը։

Եվ հիմա ես պիտի գնամ աշխատանքի։ Պիտի հավաքվեմ, ներողություն խնդրեմ իմ իսկ ցավից և էկրանի առաջ ներկայանամ «պատշաճ տեսքով», որովհետև հրամանատարը ատում էր խեղճությունը։ Նա չէր հանդուրժում կոտրված հայացքներ ու ողորմելի արդարացումներ։

Նա ատում էր նաև գորշ ոհմակի ինքնագոհ քմծիծաղը, այն մարդկանց, որոնք խաղաղ պայմաններում սովորել են ուրիշի ցավի հաշվին անվտանգ ու հարմարավետ վայելել կյանքը։

Ի դեպ, հրամանատարի մարտավարական հնարքների մասին այսօր խոսում է ողջ բանակը՝ ինչպես կարողացավ թշնամուն ծուղակը գցել, ինչպես պահեց դիրքերը, ինչպես փրկեց կյանքեր։ Բայց նույն այդ զոհվածի ընտանիքի անդամին խաղաղ պայմաններում ծուղակը գցելը ոմանք վարպետաց դաս են համարում։ Մարդկային ցավը գործիք դարձնելը դարձել է ընդունելի, իսկ լռելը՝ պարտադիր։

Այս հիշատակի օրը երդվում եմ նրա հիշատակով՝ չեմ լռելու։

Գոռալու եմ ի լուր փակ հոգիների, խուլ ականջների ու սառած խղճի. արյունով պահած հողում պիտի իսկական խաղաղություն գա։ Ոչ ձևական, ոչ ցուցադրական, այլ այն խաղաղությունը, որի մեջ զոհվածների ընտանիքները չեն զգա իրենց լքված ու խաբված»։