ԺամանցՍպորտ

Մեդալս նվիրում եմ իմ ազգին, իմ ընտանիքին և հարազատներին, ովքեր մշտապես իմ կողքին են․ Արթուր Դավթյան

Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը վաստակած մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու 6-րդ հորիզոնականը զբաղեցրած Վահագն Դավթյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների ու ջերմ ընդունելության համար, պատմել խաղերի ընթացքի մասին․

«Ուրախ ու հպարտ եմ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր դառնալու առթիվ: Որակավորման փուլում այնքան էլ լավ չցատկեցի, և եզրափակիչ դուրս գալը հարցականի տակ էր:

Եզրափակչում որքան՝ դժվար է վերջինը ելույթ ունենալը, բայց նաև հեշտ է այն առումով, որ տեսա բոլոր մրցակիցներիս ելույթները, հասկացա, որ պետք է առավելագույն մասնակցություն ունենալ՝ հաղթանակի հասնելու համար: Եզրափակչում արդեն արեցի այն, ինչ կարող էի:

artur davtyan ol

Հաջորդ Օլիմպիական խաղերում կցանկանամ ոսկե մեդալը նվաճել»,- ասել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները նաև հարցուպատասխանի ձևաչափով շփվել են հայ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր բաժանել:

Հիշեցնենք՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երեկ արծաթե մեդալ է նվաճեց Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14,966 միավոր և կարիերայում առաջին անգամ արժանացավ ՕԽ փոխչեմպիոնի կոչմանը:

Կիսվել