Մարտունիում 30-ամյա տղան վերամբարձ կռունկով բախվել է բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին և տեղում մահացել
Մարտունիում 30-ամյա տղան վերամբարձ կռունկով բախվել է բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին և տեղում մահացել
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արեգ Գրիգորյանն էր:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, նաև որ նույն օրը՝ ժամը 16:10–ի սահաններում Ա. Գրիգորյանը Մարտունի քաղաքի Կոմիտաս և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում «Սուսմետ» ՍՊԸ-ին պատկանող КамАЗ մակնիշի ավտոմեքենայի ամրացված վերամբարձ կռունկով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ ամբարձիչը մոտեցրել է մոտ 10 հազար վոլտ բարձր լարման էլեկտրական հոսանքի մալուխներին, ինչի հետևանքով էլեկտրահարվել և տեղում մահացել է:
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: