Մարտունիում քաղաքացին փորձել է սպանել ազգականին․ վերջինիս կյանքը հաջողվել է փրկել
Մարտունիում քաղաքացին փորձել է սպանել ազգականին․ վերջինիս կյանքը հաջողվել է փրկել
2023թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:35-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979թ․ ծնված մի քաղաքացի։ Այս սասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2023թ. հունիսի 4-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Ա․Պ․-ն Ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին իր կողմից պատրաստված ինքնաշեն զենքով, սպանելու նպատակով, կրակել է համագյուղացի Կ․Պ-ի ուղղությամբ, դեպքի վայրում թողել ինքնաշեն զենքը և հեռացել։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին և 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել են։
Ա․Պ․-ն ներկայացվել է քննչական մարմնին և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել։
Հրազենային վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող, զննվել է դեպքի վայրը, որտեղից հայտնաբերվել ու վերցվել է ինքնաշեն եղանակով պատրաստված հրազենի նմանվող զենքը, նշանակվել են փորձաքննություններ:
Քննությամբ ստացված փաստական տվյալների համաձայն՝ ազգականներ համարվող Ա․Պ․-ն և Կ․Պ․-ն տևական ժամանակ անձնական հարցերի պատճառով ունեցել են թշնամական հարաբերություններ: Կ․Պ․-ին սպանելու նպատակով Ա․Պ․-ն իր տանը պատրաստել է ինքնաշեն՝ 12 մմ տրամաչափի որսորդական փամփուշտ կրակելուն հարմարեցված, մահակի մեջ քողարկված ատիպիկ հրազեն։
2023թ․ հունիսի 3-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, վերցնելով ինքնաշեն հրազենը՝ ուղևորվել է նրանց տուն։ Գյուղամիջյան ճանապարհին գտնվող խանութի մոտ տեսելով Կ․Պ․-ի ավտոմեքենան և հասկանալով, որ վերջինս խանութում է՝ ներս է մտել, Կ․Պ․-ին կանչել խանութի կողային հատվածում գտնվող սենյակ, ապա ինքնաշեն այդ հրազենով, Կ․Պ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ կրակել է վերջինիս ձախ ուսային հատվածին։
Կարծելով, թե Կ․Պ․-ն մահացել է, նա հրազենը թողել է դեպքի վայրում և հեռացել։ Կ․Պ.-ն, հրազենային վիրավորումով, սուր արյունահոսությամբ, տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա Ա․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։