Աշխարհ

Մարտի 8-ից Ռուսաստանի քաղավիացիան կանգնում է խոշոր խնդիրների առաջ

Մարտի 8-ից Ռուսաստանի քաղավիացիան կանգնում է խոշոր խնդիրների առաջ

lragir.am-ը գրում է․ «Ռուսաստանի դեմ ԱՄՆ և Եվրոպայի պատժամիջոցների թիրախներից մեկը ռուսական ավիացիան է։ Հարվածը շատ ուժեղ է, և արդեն հիմա ռուսական քաղաքացիական ավիացիան լուրջ խնդիրներ ունի և դրանք գնալով ավելի են խորանալու։

Ռուսական խոշորագույն մասնավոր փոխադրողը՝ S7-ը, հայտարարել է միջազգային չվերթների դադարեցման մասին, քանի որ ընկերության կողմից շահագործվող ինքնաթիռները կարող են կալանվել։Բանն այն է, որ պատժամիջոցներն արգելում են ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռ վաճառել, լիզինգով տրամադրել, ապահովագրել, ծրագրային թարմացում անել, պահեստամասեր մատակարարել, իսկ Ռուսաստանը Սուխոյի՝ ոչ հուսալի ինքնաթիռներից բացի սեփականը չունի։

aeroflot

Պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ լիզինգով ինքնաթիռներ տրամադրող ընկերությունները հետ են պահանջում իրենց ինքնաթիռները, ապահովագրող ընկերությունները հրաժարվում են ապահովագրել ինքնաթիռները, Բոինգն ու Էյրբասը հրաժարվում են ծրագրային թարմացումն ապահովել, ինչն էլ նշանակում է, որ այդ ինքնաթիչռները չեն կարող հաջողությամբ տեխնիկական զննություն անցնել և օդ բարձրանալ։

Ռուսաստանի խոշորագույն փոխադրողը Աերոֆլոտն է։ Խոշորների շարքում են նաև Ռոսսիյան, Ուրալյան ավիաուղիները, Սիբիրյան ավիաուղիները, Պոբեդան, Յուտեյրը:

Ռուսական ավիաընկերությունները եվրոպական լիզինգային ընկերություններից ծանուցում են ստացել, որ մարտի 8-ի գիշերը դադարեցվում է վերապահովագրման պայմանագրերի գործողությունը։ Կոմերսանտը գրում է, որ ըստ ոլորտի մասնագետների մեկնաբանության՝ սա նշանակում է թռիչքներ իրականացնելու անհնարինություն։ Արդեն հրաժարական են տվել Աերոֆլոտի և Պոբեդայի գլխավոր տնօրենները։

Այժմ քննարկվում է երկու խոշոր ընկերությունների՝ Աերոֆլոտի և Ռոսսիյայի միավորման հարցը։ Ռուսական ավիաընկերություններն այժմ բանակցում են կամ ապահովագրության ժամկետների երկարաձգման, կամ էլ ինքնաթիռները գնելու շուրջ։ Առայժմ, ըստ Կոմերսանտի, միայն Աերոֆլոտին է հաջողվել 20 ինքնաթիռ գնելու պայմանավորվածություն ձեռքբերել»։

Կիսվել