Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը
Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակը
Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ Վալոն դե Մոնտեբելլո և Կամբոջայի փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակը Հայոց ցեղապանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում անվանակոչվել է Սողոմոն Թեհլերյանի անունով:
Անվանակոչման արարողության ներկա են գտնվել Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումը կազմակերպել էին Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
«Սա Մարսելի հայ համայնքի դերի կարևորության ճանաչումն է: Այս կերպ նաև ասում ենք բոլոր ժխտողականներին, Ալիևին ու Էրդողանին, որ հայ ժողովուրդը ոտքի են կանգնել այնպիսի քաղաքում, ինչպիսին Մարսելն է»,- նշել է Իվ Մորենը:
Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենն էլ ընդգծել է, որ իրենց ցանկությունն է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի խորհրդարանի քվեարկության արդյունքները, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղապանության ժխտման համար։