Մարմարիկ գետում շարունակում են փնտրել 2 ամյա երեխային
Արդեն 24 ժամ է, ինչ ԱԻՆ փրկարարները փնտրում են 2-ամյա Տիգրանին, ով երեկ, ըստ նախնական վարկածի, ընկել է Մարմարիկ գետը։
ArmLur.am-ը գրել էր, որ երեկ՝ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։
ArmLur.am-ը մանրամասներ է պարզել դեպքից։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը նշված մեքենաների մոտ աշխատելիս են եղել, երբ երեխաներին ուղարկել են տուն, սակայն պարզ է դարձել, որ փոքրիկներից միայն մեկն է հասել տուն։
Վարկածը հետևյալն է, որ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը, դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներում ընկել գետը։
Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրը ասել է, որ իր հետ չէ։
Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։
Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։
Հավելենք, որ համացանցում ծնողներին ուղղված մեղադրանքները ճիշտ չեն, քանի որ գյուղում բոլորը գիտեն, որ երեխայի ծնողներն ամենաուշադիր և հոգատար ծնողներն են։
Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ամբողջ գիշեր փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացրել Աղբյուրակի ջրամբարում՝ հայտնի Ծովինարում։ Այժմ 40-ից ավելի ջրասուզակ փնտրում է երեխային։ Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև ՆԳՆ Պարեկային ծառայության աշխատակիցները, փրկարարները, երեխայի հարազատները և գյուղացիները։
ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Աշխատանքները շարունակվում են։
NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակել էր երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:
Մանրամասները՝ տեսանյութում