«Մարիոթ» հյուրանոցի խոհարարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինը տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:
Հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատվել է և վերաենդանացման բաժանումքնում է, ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից և ըստ օպերատիվ այլ տեղեկությունների՝ նա աշխատում է նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


