Մամուլ

Մարիամ Փաշինյանը՝ Դուբայում տեղի ունեցած Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքին՝ մասնակցության մասին․ «Հրապարակ»

Մարիամ Փաշինյանը՝ Դուբայում տեղի ունեցած Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքին՝ մասնակցության մասին

Hraparak.am-ը գրում է. Մի քանի օր առաջ լուր էինք հրապարակել, որ Դուբայում մեծ շուքով նշել են Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գոռի հարսանիքը։

Հարսանիքը նախատեսված էր դեռ սեպտեմբերին, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել էր, հետո օլիգարխի ընտանիքը որոշել էր հայի չար աչքից հեռու կազմակերպել, եւ հյուրերով-բանով մեկնել են Դուբայ՝ հատուկ չարթերային չվերթով օդանավ վարձելով։

Մեզ պատմել էին, որ Ալեքսանյանի որդու հարսանիքին Նիկոլ Փաշինյանի ընտանիքից եւս անդամներ են եղել։

Մասնավորապես, հյուրերի մեջ նկատել են Փաշինյանի ավագ դստերը՝ Մարիամին, ով, ականատեսների պատմելով, լավ պարել, ուրախացել է։ 

Հրապարակումից օրեր անց՝ երեկ, նամակ ենք ստացել Մարիամ Փաշինյանից, որով նա հերքում է Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքին իր մասնակցությունը եւ գրում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, ուստի խնդրում է հերքել։ 

Բնականաբար՝ մեր լրագրողը չի մասնակցել այդ հարսանիքին եւ մեր աչքով չենք տեսել հյուրերին, այդ թվում՝  Մարիամ Փաշինյանին։ Եւ եթե այդ մասին տեղեկատվություն փոխանցած աղբյուրը ստել է ու մեզ ապակողմնորոշել է, մենք համապատասխան հետեւություններ կանենք, առաջիկայում՝ այդ աղբյուրի հետ շփումների առումով։

Միեւնույն ժամանակ՝ չենք բացառում, որ մեզ միտումնավոր են ապակողմնորոշել, ուստի ցավում ենք կատարվածի համար։

Այնուամենայնիվ, մեզ չի թվում, թե ամոթալի բան է որեւէ մեկի հարսանիքին մասնակցելը, եթե անգամ այդ հարսանիքը Դուբայում է տեղի ունենում, ուստի վստահեցնում ենք՝ այդ լուրի մեջ որեւէ մեկին վարկաբեկելու միտում չի եղել։

Կիսվել