Մամուլ

Մարիամն աշխատողներ է գործի ընդունում, իսկ դուք ասում եք՝ երեխա է

«Հրապարակը» գրում է․ Մարիամն աշխատողներ է գործի ընդունում, իսկ դուք ասում եք՝ երեխա է։ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման արձագանքներին չանդրադառանամ, դուք գիտեք։ Դժգոհության մեջ թելի պես այս հարցն է ձգվում՝ երեխա ես, քո գործով զբաղվիր։ Թելի այդ հանգույցը ոչ միայն երեկվա գրառման արձագանքների մեջ էր, այլ ընդհանրապես Մարիամի ցանկացած գրառման արձագանքի մեջ։

Մարիամի էջում կար մի գրառում, որին երևի ուշադրություն չեք դարձել, ահա այն․

Սպասում ենք ..

«Հայկական Ժամանակ» օրաթերթը և ArmTimes լրատվական կայքը փնտրում են փորձառու և կրեատիվ (նորարար) մտածողությամբ խմբագրի: Մեր թիմն առաջիկայում պատրաստվում է մեծ փոփոխություններ իրականացնել թերթի և լրատվական կայքի օրակարգում, հետևաբար մեզ անհրաժեշտ է ճկուն մտքով, նորարարական լուծումներ փնտրող, նաև լրատվական ոլորտին ու ոլորտի խնդիրներին տիրապետող թեկնածու»:

Երկու օրվա ընթացքում ճկուն մտքով, նորարարական լուծումներ փնտրող, նաև լրատվական ոլորտին ու ոլորտի խնդիրներին տիրապետող թեկնածուների հոսքը այնքան ակտիվ է եղել, որ Մարիամ Փաշինյանը նոր գրառում է արել․

«Շնորհակալություն ակտիվության համար: Մեծ հետաքրքրությամբ կարդում և դիտարկում ենք ձեր ինքնակենսագրականները:
Եղեք ավելի ակտիվ, և անպայման ինքնակենսագրականների մեջ թողեք կոնտակտային տվյալներ, որպեսզի կարողանամ կապ հաստատել ձեզ հետ և հրավիրել հարցազրույցների:
Հարցազրույցը կվարեմ ես ու իմ գործընկերները»:

Մնում է ընդամենն արձանագրել՝ Մարիամն աշխատողներ է գործի ընդունում, իսկ դուք ասում եք՝ երեխա է։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել