Պարզվել է, թե ինչու մարդկությունը չի կարող տեսնել Արևի հակառակ կողմը
Արևի հակառակ կողմը դեռևս հնարավոր չէ մշտապես դիտարկել տեխնիկական սահմանափակումների և տիեզերական սարքերի ուղեծրերի առանձնահատկությունների պատճառով։
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
Նա պարզաբանել է, որ արբանյակն Արևի հետևում՝ մշտական դիրքում պահելը չափազանց բարդ է։ Աստղի հակառակ կողմում ստացիոնար ուղեծրերն իրականում անհնար են, իսկ Արեգակ-Երկիր համակարգի լիբրացիոն կետերից մեկը՝ գտնվում է Երկրի ուղեծրի հակադիր կողմում, սակայն այդ կետում գտնվող սարքի հետ կապն անհնար է առանց լրացուցիչ վերահաղորդիչի։
Գիտնականի խոսքով՝ Արևի հակառակ կողմի դիտարկումները հնարավոր են միայն դրվագային կերպով՝ այն սարքերի օգնությամբ, որոնք պտտվում են աստղի շուրջը և պարբերաբար հայտնվում Երկրի ուղիղ տեսանելիության գոտուց դուրս։
Նախկինում այդպիսի երեք արբանյակ կար՝ Solar Orbiter-ը, STEREO-A-ն և STEREO-B-ն, սակայն վերջինս շարքից դուրս է եկել։ Ներկայումս մնացած երկու սարքերը շարունակում են աշխատանքը, բայց այժմ երկուսն էլ գտնվում են Երկրին ուղղված կողմում։

Բոգաչովը հիշեցրել է, որ 2026 թվականին Արևի վրա գրանցվել են առավելագույն դասի մի քանի բռնկումներ՝ հունվարի 18-ին, ինչպես նաև փետրվարի 1-ին, 2-ին, 3-ին և 4-ին։
Բացի այդ, հունվարի 8-ին, 12-ին, 24-ին և փետրվարի 6-ին աստղի հակառակ կողմում տեղի են ունեցել չափազանց հզոր պայթյուններ, որոնք, գիտնականների գնահատմամբ, նույնպես կարող էին պատկանել X դասին, սակայն դրանք հնարավոր չէ գրանցել ուղղակիորեն։
Նա հստակեցրել է, որ հակառակ կողմի հզոր բռնկումները, այնուամենայնիվ, երբեմն նկատելի են լինում, օրինակ՝ երբ արտանետված պլազման բարձրանում է մեծ բարձրության վրա և հայտնվում արևային սկավառակի եզրից։ Ընդ որում, նման իրադարձությունների դասը ճշգրիտ որոշելն անհնար է՝ ուղղակի չափումների բացակայության պատճառով։



