ՄամուլՍպորտ

Մարդկանց հասկացրեցի, որ ես չեմ ուզել այդ 27.5 միլիոնը. Հենրիկ Մխիթարյան

Մարդկանց հասկացրեցի, որ ես չեմ ուզել այդ 27.5 միլիոնը. Հենրիկ Մխիթարյան

Եթե անկեղծ լինեմ, ապա Դորտմունդում խաղալու տարիներին թուրքերի հետ երբեք խնդիր չի եղել, թեպետ գիտեի, որ այդ քաղաքի բնակչության մոտ 50 %-ը հենց թուրքական համայնքն էր։

Իրոք երբեք որևէ խնդրի չեմ առնչվել այս առումով, ինչ-որ մեկի կողմից որևէ անհամություն չեմ տեսել։ Այս մասին Profootball-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հենրիկ Մխիթարյանը։

«Երբ տեղափոխվեցի Դորտմունդ, ավելի շատ գերմանական մամուլն էր ինձ վրա ճնշում գործադրում։ Ամեն շաբաթ խոսվում էր 27,5 միլիոնի մասին, որը իմ դիմաց վճարվել էր։ Անընդհատ ասվում էր՝ 27,5 միլիոն, 27,5 միլիոն, բայց ես ի վերջո մարդկանց հասկացրեցի, որ կներեք, սակայն ես չէ, որ ուզել եմ այդ 27,5 միլիոնը։

Ակումբն է որոշել, որ իմ գինն այդքան է։ Առաջին երկու ամիսն իհարկե շատ դժվար ստացվեց ինձ համար, բայց հետո մարդիկ խաղից խաղ սկսեցին տեսնել, որ արդարացնում եմ սպասելիքները։

Դրանից հետո սկսեցին մարդիկ արդեն մոռանալ այդ 27,5 միլիոնի մասին, թեպետ հիմա եթե ուշադրություն դարձնենք՝ ինչ գումարներով են ֆուտբոլիստներ գնում, տրանսֆերներ իրականացնում, կհասկանանք, որ այսօր 27,5 միլիոնը այդքան էլ մեծ գումար չէ։

Հիմա 60, 80 միլիոնից է սկսվում։ Կարծում եմ, որ մի բան էլ դեռ քիչ են վճարել այն ժամանակ (ծիծաղում է)»,- հավելել է հայազգի ֆուտբոլիստը։

Կիսվել