Մամուլ

Մարդիկ սպառնում էին մեքենան հրկիզել․ կա զոհ. ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում

Shamshyan.com-ը գրում է․ «Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ իրավիճակը նշված դեպքի վայրում բավականին լարված էր։ «Ford Transit»-ի վարորդի հարազատներն ու ընկերները, ժամանելով դեպքի վայր ու տեսնելով, որ վարորդը մահացել է, փնտրում էին «Զիլ»-ի վարորդին և փորձում էին նույնիսկ ջարդել ու հրկիզել ավտոմեքենան։ Մոտ 10 րոպե պահպանվեց այդ վիճակը, բայց պարեկները, համայնքային ոստիկանները, փրկարարները ու անգամ շտապօգնության բժիշկները կարողացան կրքերը հանդարտեցնել։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը 3 երեխաների հայր էր։ 

Իսկ «Զիլ»-ի վարորդի մոտ էլ բացակայել է վարորդական իրավունքի վկայականը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Կիսվեք ձեր էջում