«Մարդիկ մտածում են՝ ես Լիլի Մորտոն եմ». Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ իրեն Լիլի Մորտոյի հետ նույնացնող նյութերի մասին
«Մարդիկ մտածում են՝ ես Լիլի Մորտոն եմ»։ Մոդել, գեղեցկության մրցույթների մասնակից Լիլիթ Մարտիրոսյանը զավեշտալի պատմության մեջ է ընկել: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ նրան նույնացնում են մեկ այլ մոդել Լիլիթ Մարտիրոսյանի հետ, ով հանրությանն առավել հայտնի է որպես Լիլի Մորտո:
Թեև երկուսն էլ բարձրաձայնել են խնդիրը, ռուսական կայքերը ոչ միայն հերքում չեն տպագրել, այլեւ շարունակում են տարածել մեծ սուտ, թե գյումրեցի մոդելը հերիք չէ վիրահատությունների է դիմել, մի բան էլ դրա համար չի ներվում սեփական ընտանիքի կողմից: Լիլիթ Մարտիրոսյանը BRAVO.am-ին պատմել է, թե որտեղից է սկսվել այս ամենը, նաեւ տեղեկացրել է իր հետագա քայլերի մասին:
Ըստ նրա՝ կայքերը միացրել են իր եւ Լիլիի կենսագրականները՝ առանց պարզելու լուրի իսկությունը.«Նյութերի սկզբում գրված է, որ ես Գյումրիից եմ, ունեմ նկարելու տաղանդ, իսկ հետո՝ իբրեւ ես դիմել եմ տարբեր վիրահատությունների, փոխել եմ անունս, որովհետեւ Հայաստանում ինձ չեն ընդունել: Կողք կողքի դրված են իմ եւ Լիլիի լուսանկարները՝ գրությամբ, թե ես փորձել եմ նմանվել իմ սիրելի բարբի տիկնիկին»:
Նյութերը կարդալուն պես մոդելը հայտարարել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել. «Ես իմ պաշտոնական էջերում հայտարարություն տարածեցի, որ այս տեղեկությունը սուտ է: Տարբեր լրատվամիջոցներ անդրադարձան, բայց անօգուտ: Գրել եմ այն լրատվամիջոցներին, ովքեր տարածում են այդ սուտը, բայց պատասխան չի լինում: Զրուցել եմ տարբեր լրագրողների, իրավաբանների հետ, բայց լուծում դեռ չենք գտնում: Այս սուտն աստիճանաբար ավելի է տարածվում»:
Լիլիթին զայրացնում է, որ մարդիկ այս սուտն ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն. «Մեկնաբանությունները երբ կարդում եմ, հասկանում եմ՝ մտածում են, որ ես Լիլի Մորտոն եմ: Գրում են՝ ինչ ափսոս է, որ նման գեղեցկուհին դարձել է այսպիսին: Ափսոսում են, որ դիմել եմ այդքան վիրահատությունների»:
Անդրադառնալով Լիլի Մորտոյին` Լիլիթն ասել է.«Լիլին հիմա շատ ռեյտինգային հումորիստ է, զբաղվում է հետաքրքիր գործունեությամբ: Ասել՝ Հայաստանում նրան չընդունեցին, այնքան էլ ճիշտ չէ: Ես Լիլիի դեմ ոչինչ չունեմ, իրեն անձամբ չեմ էլ ճանաչում: Լիլիի փոխարեն ով էլ լիներ, իմ արձագանքը նույնն էր լինելու: Երբ իմացա այս թյուրիմացության մասին, տեղեկացրի Լիլի Մորտոյի քրոջը` Թերեզային, ում ճանաչում էի: Նա տեղեկացրել էր Լիլիին, վերջինս այնքան բուռն չէր ընդունել: Կարծում եմ՝ բնավորությունների խնդիր է: Նա ավելի հանգիստ է բնավորությամբ: Ես իր փոխարեն խոսել չեմ կարող, բայց ենթադրում եմ, որ այդպես է»:
Մոդելը նշում է, որ այսպես շարունակվելու դեպքում խնդիրը կտանի իրավական դաշտ.«Միտումնավոր ոչինչ չեմ տեսնում, կարծում եմ` ուղղակի թյուրիմացություն է: Բայց եթե այս ամենը շարունակվի, կդիմեմ ավելի կոշտ միջոցների»:
Աղբյուր՝ bravo.am