Մամուլ

Մարգահովիտում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 16-ամյա վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Մարգահովիտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 16 տարեկան է, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի, դասակի հրամանատարի տեղակալ Վիլյամ Մելիքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Իշխան Մելիքյանն ու կրտսեր պարեկ Լևոն Աբրահամյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։