Մամուլ

Մարալ Նաջարյանի տուն վերադարձի համար ահռելի դերակատարում է ունեցել Արա Բաղդասարյանը․ Արփինե Հովհաննիսյան

Մարալ Նաջարյանի տուն վերադարձի համար ահռելի դերակատարում է ունեցել Արա Բաղդասարյանը․ Արփինե Հովհաննիսյան

Մարալ Նաջարյանի տուն վերադարձի մասով բացի քաղաքական դերակատարներից, ի դեմս ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոյի ու Լիբանանի իշխանությունների, ահռելի դերակատարում է ունեցել Արա Բաղդասարյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Սա Արա Բաղդասարյանի նկարն է նախագահ Քոչարյանի հետ՝ նրա գրքի շնորհանդեսին: Այս նկարը պատճառ դարձավ, որ վերջինիս հեռացնեն Անդորրայի Թագավորությունում պատվո հյուպատոսի պաշտոնից: Այն ժամանակ դեռ մոդա չէր զանազան քամելեոնների կողմից Քոչարյանի կողքին գտնվելը:

Մանրախնդրության ու էժանության շարքային դրսեւորում էր անհայրենիքների իշխանության ու գերագույն գլխավոր դավաճանի կողմից: Հաշվի չէր առնվել ո՛չ մարդու վաստակը, ո՛չ էլ ունակությունը ծառայել մեր պետությանը:

Մեկ տարի անց, պետականակործան ու մարդասպան պատերազմից հետո, երբ Ալիեւի հարճը չի կարողանում լուծել գերիների հարցը, ծախում է տարածքներից այն ինչ հնարավոր ու անհնար է, չի զբաղվում Արցախի ճանաչման հարցով,  Արան իր կապերով ծառայեց ժողովրդին` չնեղանալով: Մարալ Նաջարյանի տուն վերադարձի մասով բացի քաղաքական դերակատարներից, ի դեմս ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոյի ու Լիբանանի իշխանությունների, ահռելի դերակատարում է ունեցել հենց Արան: Նաիրա Զոհրաբյանը նշել էր այս մասին:

ara baghdasaryan

Այլ գերիների մասով եւս նա ունի իր դերը` գերությունից հարազատների հետ կապի ապահովումից մինչեւ վերադարձ: Հիմա` եւս:

Անձամբ չեմ ճանաչում Արային, եւ միայն այս դեպքերից հետո եմ իմացել, որ իմ լավ ընկերներից մեկի`Մհեր Բաղդասարյանի եղբայրն է: Զավեշտն այն է, որ այս դեպքով դավաճանների խունտան եւս փիառվելու փորձ արեց` զրո կապ ունենալով դրա հետ, բայց ուղիղ կապ ունենալով Արայի ազատման հետ:

Ես մեծարման երեկոների կամ ցերեկույթների ու հերոսացումների սիրահար չեմ: Հերոսներ չկան, փրկիչներ չկան, հատկապես, որ մեր երկրում ժանրի կանոնների համաձայն հերոսներն ու հակահերոսները 24 ժամվա կյանք են ունենում:

Բայց ես աստվածային ու տիեզերական ամենագործուն կանոններից մեկի կողմնակիցն եմ՝ շնորհակալության: Մենք փոքր պետություն ենք, ու հարուստ ենք մեր ունակ ու հաջողակ մարդկանցով: Չի կարելի վատնել ու մաշել ու կորցնել ու հեռացնել կամ նեղացնել այն հաջողակ մարդկանց, ովքեր պիտանի կարող են լինել այս մահամերձ երկրին….. Ուզում եմ Արային պարզապես գնահատանքի խոսքեր ուղղենք, որ իմանա, որ իր աշխատանքը գնահատվում է հայ ժողովրդի լավագույն զավակների կողմից»։

Կիսվել