Մամուլ

Մասնավոր տաքսիների վարորդներին ազատում են արտոնագրային 8 հազար դրամ վճարից. Փաշինյան

Թալինում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն փոփոխություններին, որոնք պետք տեղի ունենան 2019 թվականին: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում էր միկրոբիզնեսին:

«Մենք ասում ենք, որ միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից, դա նշանակում է, որ Թալին քաղաքում աշխատող բոլոր հիմնարկները, այդ թվում՝ առեւտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 մլն դրամը, ազատվելու են հարկերից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա միաժամանակ հայտարարեց, որ կարող են լինել օրենքով սահմանված բացառություններ, բայց իր խոսքը վերաբերում է 90 տոկոսին, սա բիզնեսի խրախուսման իրենց աշխատանքի արդյունքն է: Նա նշեց, որ միկրոբիզնեսում մինչեւ 3 աշխատող ունենալու պարագայում աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի. ընդամենը 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը: Հաջորդ նորարարությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ մասնավոր տաքսիների վարորդներին ազատում են արտոնագրային 8 հազար դրամ վճարից:

«Այսօր մարզում ամեն տաքսու վարորդ մի ամիս տաքսի քշելու համար վճարում է ութ հազար դրամ, մենք նրանց այդ ութ հազար դրամից ազատելու ենք: Հայաստանը, մենք՝ առաջիկա շրջափուլում պետք է բարձրացնենք բոլորովին նոր քաղաքական եւ տնտեսական մակարդակի վրա», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տուգանքի առավելագույն չափը եւս փոխելու են։

«Մենք առավելագույն չափը սահմանափակելու ենք 29 հազար դրամով, այսինքն՝ մեզ մոտ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար 29 հազարից ավելի տուգանք չի լինելու»,- շեշտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար խոսքով՝ հենց սա է լինելու աշխատանքի խրախուսման իրենց քաղաքականության արդյունքը:

«Մինչեւ հիմա ՀՀ-ում տարվել է այն քաղաքականությունը, որ քաղաքացին հնարավորինս խեղճ լինի, որ միշտ վիզը ծռած կանգնած լինի պաշտոնյաների առաջ, մարզպետների առաջ, դեպուտատների առաջ: Մենք ասում են՝ ոչ, մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր քաղաքացիները աշխատեն ու իրենց քրտինքով պահեն իրենց ընտանիքը, ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի»:

Աղբյուր՝ armtimes.com 

Կիսվել