Մամուլ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է

Փաստաբան, Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Մասիսի քաղաքապետ  Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է:

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ցավոք ոչինչ չի կարող փոխել այդ դատավորին, դե նոր իշխանություններին է երևի ուզում սիրաշահել, մարդ ես, կարող ա 7-ի գործը մոռանան, վարչապետը մոռանա, թե ով է իրան դատել»,- գրել է պաշտպանը:

Մասիսի քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել  2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ անձինք հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Ավելի ուշ Մասիսի քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել ուղղված ՀՀ վարչապետին․

«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո´ պարոն վարչապետ, տևական ժամանակ է, ինչ ուժային որոշ կառույցներ ինձ հետ կապ չունեցող գործերով կանչում են հարցաքննությունների և հրավիրում են դատարան։
Անկեղծ ասած՝ տպավորություն է, կարծես նրանք անում եմ ամեն հնարավոր բան` Ձեզ հաճոյանալու համար և փորձում են ստեղծել լավ աշխատանքի պատրանք։ Հավաստիացնում եմ, որ ոչ մի գործով, իսկ ավելի կոնկրետ Մասիսում տեղի ունեցած վեճին իմ մասնակցության մասով որևէ կապ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ջանք չեմ խնայել որպեսզի հաշտեցնեմ կողմերին ու դա հնարավոր է պարզել Ձեզ հասու լիազորությունների շրջանակներում, ուստի խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել իրավապահ համակարգի որոշ օղակների գործունեությանը ու պահանջել աշխատել ոչ թե ձևի, այլ բովանդակության համար և չխաթարել համայնքի ղեկավարի` իմ պարտականությունների պատշաճ կատարումը:
Մասիս համայնքի ղեկավար` Դավիթ Համբարձումյան
»։

Կիսվել