ՄամուլՏեսանյութ

Մանրամասներ Գյումրու աղմկահարույց դանակահարությունից. կան առգրավված տեսագրություններ

Մանրամասներ Գյումրու աղմկահարույց դանակահարությունից. կան առգրավված տեսագրություններ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում դաժան սպանությունից: Մասնավորապես՝ դանակահարության պատճառ է հանդիսացել բարբառի շուրջ առաջացած տհաճ խոսակցությունը, թե իբր Գյումրու բարբառը կոպիտ է, տգեղ է ու նման այլ արտահայտություններ, ինչի արդյունքում տղամարդ է սպանվել:

Երեկ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բան այն է , որ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի շուրջ լեզվակռիվ է սկսվել՝ նշված ռեստորանի երկու աշխատակիցների միջև, որը հետո երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ՝ շարունակվել է աշխատանքային օրվա ավարտից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։

Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր-կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած Ա․Սարդարյանը ճանաչվել են տուժող։ Ռեստորանից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեսագրությունները։

Դեպքի որոշ էական հանգամանքներ պարզելու և առերևույթ հանցանք կատարած անձին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում՝ նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել