ՄամուլՔաղաքականություն

Մանդա՞տ դնել, թե՞ դուրս գալ խմբակցությունից. Սուրեն Գրիգորյան

Մանդա՞տ դնել, թե՞ դուրս գալ խմբակցությունից. Սուրեն Գրիգորյան

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մանդա՞տ դնել, թե՞ դուրս գալ խմբակցությունից

Վստահ չեմ, որ շատերը հիմա այս հարցի քննարկման սիրտն առհասարակ ունեն, բայց ուշ թե շուտ պետք էր սրա մասին խոսել։ Երեկ գործընկերս՝ Ռուբեն Ռուբինյանը, անդրադարձ է կատարել պատգամավորի կողմից «Իմ Քայլը» խմբակցությունը լքելու երևույթին։

Ոչ մեկին չի վիրավորել, ընդամենը արձանագրել է, որ պատգամավորական մանդատ են ստացել «Իմ Քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով։

Սխա՞լ է ասել։ Թերևս այո, մի փոքր փորձել է մեղմել, չի ուզել ավելի ուղիղ, կոշտ և, միևնույն ժամանակ, ճիշտ արտահայտվել։ Իսկ ավելի ուղիղ, կոշտ ու ճիշտն այն է, որ մանդատ են ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն ազգանունը Նիկոլ Փաշինյան էր։

nikol pashinyan

Եթե այս ելակետում համաձայն չեք, ուրեմն վստահաբար մենք խմբակցությունից դուրս գալ/չգալու հետ կապված հարցում համակարծիք չենք լինելու, կարող եք խնայել ձեր ժամանակը և գրառմանս շարունակությունը չկարդալ։

Եթե համաձայն եք, գուցե առաջ եք քաշում հաջորդ հարցը, որը մոտավորապես այսպես է հնչում․ «Է հա, հասկացանք, հիմա որ այդպես է մարդը մանդատ ստացել, ուրեմն պետք է ամեն ինչում Նիկոլ Փաշինյանի հետ համաձա՞յն լինի»։ Այդ հարցի պատասխանը բացասական է, իհարկե ոչ, չի նշանակում, բայց գիտե՞ք՝ ինչն է ավելի կարևոր։ Կարևոր է, որ հասկանանք, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն լինել/չլինելը չէ, խնդիրը կիսատության և երկակի ստանդարտների մեջ է։

Համաձայն չլինելը և խմբակցությունից դուրս գալը, այն պարագայում, որ մանդատի ստացման գործընթացում որոշիչ նշանակություն է ունեցել հենց այն անձը, ում հետ դու համաձայն չես, այդ կիսատության և երկակի ստանդարտների արտացոլանքն է՝ «համաձայն չեմ, բայց գլխավորապես իր ջանքերով ստացված մանդատը կպահեմ, որպեսզի շարունակեմ «հերոսաբար» իր հետ չհամաձայնվել»։

Ի դեպ ավելորդ չի նշել, որ այս համատեքստում խոսքը սկզբունքային, որոշ դեպքերում արժեքային անհամաձայնությունների մասին է․ այնպես չէ, որ ով խմբակցության կազմում է, միշտ և ամեն ինչում համաձայն է, մեղմ ասած ոչ։

Իմ Քայլը պատգամավորներ

Ով կույր չի՝ կտեսնի, որ վերջին նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից այս կողմ և նույնիսկ դրանից առաջ միայն խմբակցությունը լքած պատգամավորները չեն, որ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ պատգամավորների անհամաձայնություն հայտնելու ձևն է ուրիշ եղել, և հենց սա է որոշիչ տարբերությունը և այն առանցքը, որի շուրջ իրականում պետք է ծավալվի ողջ բանավեճը, չնայած իմ կարծիքով առանձնապես բանավիճելու բան չկա։

Այնպես որ թացը չորի հետ պետք չէ խառնել։ Ոչ ոք չի ասում՝ ամեն ինչում համաձայն եղեք, ասում են՝ մի եղեք կիսատ և երկակի ստանդարտներով ղեկավարվող, ազնիվ չի։

Հ․Գ․ Բացառության կարգով թույլ տվեք այս մի գրառմանս մեկնաբանություններին, եթե այդպիսիք կլինեն, չանդրադառնալ, կարծում եմ սպառիչ է։ Եթե համաձայն չեք, խնդիր չէ՝ Ձեր իրավունքն է»։

Կիսվել