Մամուլ

Մայր ու որդի Շենգավիթում վրաերթի են ենթարկվել

Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Արամ Հ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Տիգրան Ս.-ին և 40-ամյա Տաթևիկ Հ.-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիներին և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածներին տեղափոխել հիվանդանոց։

Վրաերթից հետո «Range Rover»-ը բախվել է բազալտե եզրաքարին, կոտրել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ցուցանակը ու երկաթե ինչ-որ տաղավար, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, տղան էլ նոր է զորացրվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։