ՄամուլՏեսանյութ

Մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած Range Rover-ը հայտնաբերվեց

Մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած Range Rover-ը հայտնաբերվեց

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ ապրիլի 1-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Range Rover մակնիշի ավտոմեքենան, որը գտնվում է հետախուզման մեջ, Երևանի Արաբկիր վարչական շրջանում է գտնվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ապա Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին միացած ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, մշակում են հատուկ օպերացիա ու Գրիբոյեդով փողոցում հայտնաբերում են նշված ավտոմեքենան։

ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Ռաֆիկ Պողոսյանն ու կրտսեր պարեկ Հայկ Հովսեփյանը նշված ավտոմեքենան տեղափոխում են Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել ապրիլի 1-ին Երևանի Երվանդ Քոչար փողոցում մահվան ելքով վրաերթը։ Վարորդը հետիոտնին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրից դիմել էր փասխուստի։

Երբ Կենտրոնի ոստիկաններն ու Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հայտնաբերել ու վնասազերծել են նշված ավտոմեքենան, մեքենայում եղել են Երևանի բնակիչներ 36-ամյա Տիգրան Ավագյանը, 28-ամյա Արշակ Խաչատրյանն ու Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Սարգիս Արամյանը։ 

Վերջիններս այնուհետև Ոստիկանության Կենտրոնական բաժնում ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նշված անձանցից ով է վրաերթի ժամանակ վարել ավտոմեքենան։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում՝ Երվանդ Քոչար փողոցի 5/2 հասցեի դիմացի հատվածում, դեռևս ինքնությունը չպարզված վարորդը՝ իր վարած անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ժամը 05:30-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Կիսվել