ՄամուլՏեսանյութ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին (Տեսանյութ)

Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին (Տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է․ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության է հասել Ոստիկանության զորքերի 1032 զորամասի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Թադևոսյանը, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 20 երթուղին, տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել, նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել