Մամուլ

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 34-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզոմ։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Նիկողոսյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել հետիոտնին, այնուհետև ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։