Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. «Ցավալի դեպք է, բայց մահացածը հաճախակի էր վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում»
Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. «Ցավալի դեպք է, բայց մահացածը հաճախակի էր վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում»
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Lexus GX470 մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է «Դիլիջան» ԲԿ», ապա ոստիկանության Դիլիջանի բաժին, և օպերատիվորեն ժամանած Դիլիջանի բժիշկների հետ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Մազյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վրաերթի ենթարկվածը մոտ 60 տարեկան կին է, ով ուշ թե շուտ, ցավոք, նման փաստի առաջ էր կանգնեցնելու վարորդներին, քանի որ նրան հաճախակի էին տեսնում, երբեմն նույնիսկ՝ գինովցած, ճանապարհը անցնելով ու վտանգավոր իրավիճակներ ստեղծելով վարորդների համար.
«Այսօր մինչ Lexus-ի կողմից վրաերթի ենթարկվելը, տեսանք, թե ինչպես է նա անընդհատ նորից վարորդների համար վտանգ ներկայացնելով անցնում «շոշը», ու մինչ Lexus-ի կողմից վրաերթի ենթարկվելը, 3 հատ ավտոմեքենա հազիվ փախցրեցին, որ չբախվեն այդ կնոջը։
Իսկ Lexus-ն էլ չկարողացավ խույս տալ հարվածից, քանի որ մեկ այլ ավտոմեքենայի առաջից այնպես դուրս եկավ ու հայտնվեց Lexus-ի առաջ, որ անգամ ցանկացած վարորդ չէր կարող խուսափել։
Լավ դեպք չէ, ինչի համար ցավում ենք, բայց սա այն դեպքերից է, որ հետիոտնը պետք է, առաջին հերթին, իր անվտանգության մասին մտածեր»։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Դիլիջան քաղաքի բնակիչ է, 20-25 տարեկան տղամարդ։