Մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը
Bavnews.am-ի տեղեկություններով՝ Լոս Անջելեսում այսօր՝ հուլիսի 24-ին, 93 տարեկանում մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը:
Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին Եգիպտոսում։ Բեմել է 1945 թվականին Եգիպտոսում՝ հանդես գալով Անուշի դերով («Անուշ» օպերա)։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը։ 2 տարի հաճախել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի դասընթացներին, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։
1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
1980 թվականից բնակվել և ստեղծագործել է ԱՄՆ-ում։
Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում։ Կատարել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մասինիի, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Հյուրախաղերով եղել է Խորհրդային միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում։