Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը
Մայիսի 14-ի առավոտյան 87-ամյա հասակում մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:
Սուրեն Գյանջումյանը ծնվել է 1932թ. հունիսի 19-ին, Թուրքմենստանում: 1947-50 թթ. սովորել է Երեւանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77 թթ.` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: 1950-66 թթ. աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ:
1957 թ. կազմակերպել եւ ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83 թթ. ստեղծել եւ ղեկավարել է առեւտրի տան երգի եւ պարի մանկապատանեկան անսամբլները: 1967-77 թթ. դասավանդել է Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս:
1967-71 թթ. ստեղծել եւ ղեկավարել է Երեւանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965 թ.` համաշխարհային եւ միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973 թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական եւ միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը:
2009 թ.-ից դասավանդել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության անդամ է: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» եւ այլն:
1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004 թ.՝ Երեւանի պատվավոր քաղաքացու, 2007 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: