Մահացել է սիրված դերասան Արա Դեղտրիկյանը
60 տարեկանում կյանքից հեռացել է դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը: Այս մասին տեղեկանում ենք դերասան Հայկո Հովհաննիսյանի իստագրամյան էջից:
Դերասանը Արա Դեղտրիկյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Լույսերի մեջ մնաս, մեծատառով մարդ: Հպարտ եմ, որ ճանաչել եմ քեզ, Դեղտրիկյանս»:
Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։

1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ 1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։
1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում էր մինչ օրս։
Ամուսնացած է Կարինե Աճեմյանի հետ։ Ունեն աղջիկ։
Խորը ցավով տեղեկացնում ենք սիրված դերասանի անժամանակ մահվան մասին։ Նա իր դերերով միշտ կմնա մեր սրտերում, իսկ նրա թողած ժառանգությունը դեռ երկար տարիներ կապրի մեզ հետ։ Ցավակցում ենք ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին։