Շոու-բիզնեսՄշակույթ

Մահացել է Արթուր Գրիգորյանը

Մահացել է Արթուր Գրիգորյանը

Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:

Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին, Երևանում: 1965-75թթ սովորել է Երևանի թիվ 34 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև` կոմպոզիցիայի դասարանում: 1976-78թթ եղել է Օրջոնիկիձեի շրջանի պիոներ պալատի էստրադային խմբի ղեկավարը: 1975-79թթ սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:

1981-83թթ և 1987թ-ից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում: 1983-84թթ աշխատել է գեղագիտական էսթետիկական կենտրոնում:

Արթուր Գրիգորյան

1984-91թթ սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1985-88թթ եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ: 1992թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր:

1995-98թթ եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը, 2001թ-ից՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, 2009թ-ից` խորհրդատու: Եղել է ռեժիսոր և հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը: Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի էստրադային կուրսը:

Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:

Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ»-ով: 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Կիսվել