Մամուլ

Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը

Մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը: Փետրվարի 25-ին նա կդառնար 70 տարեկան։

Ավետիք Իշխանյանը հայ իրավապաշտպան է, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը։ 

Ծնվել է 1955 թվականին՝ Երևանում: 1972 թվականին ավարտել է Ն.Կ. Կրուպսկայայի անվան թիվ 19-ը (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19) միջնակարգ դպրոցը։ 1972-1977 թվականները սովորել է Երևանի Պետական համալսարանի երկրաբանական  ֆակուլտետի գեոֆիզիկայի բաժնում։

1977-1984 թվականներին աշխատել է Երեւանի «Հայգունմետգիտնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնում՝ սկզբում որպես ինժեներ, ապա՝ ավագ գիտաշխատող, այնուհետեւ պետրոֆիզիկայի ենթաբաժնի վարիչ։

Ավետիք Իշխանյան

1984-1987 թվականներին կրթությունը շարունակել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Համամիութենական երկրաբանական գիտահետազոտական ինստիտուտի (ՎՍԵԳԵԻ) ասպիրանտուրայում, 1987 թվականին Լենինգրադում պաշտպանել է ատենախոսություն եւ ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Հայաստան վերադառնալուց հետո 1987 թվականին համախոհների հետ հիմնադրել եւ ղեկավարել է կրթական «Մաշտոց» միավորումը:

1988 թվականի օգոստոսից Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

1996 թվականին համախոհների հետ հիմնադրել և ղեկավարել է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Ավետիք Իշխանյանը բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։

Կիսվեք էջում