Մամուլ

Հոսանքահարվելուց մահացած զինծառայողը Վարդենուտից էր, 1 տարվա ծառայող

Այսօր՝ մայիսի 13-ին հոսանքահարումից մահացած զինծառայող Կարեն Ավետիսյանը Վարդենուտ գյուղից էր։ Վարդենուտ բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Կամո Սահակյանը News.am-ի հետ զրույցում նշեց. «Այո, մեր գյուղացի է։ Ամռանը նոր մի տարին կլրանար, որ զորակոչվել է։ Մի քույր ունի, եղբայր չունի։ Ծնողները գյուղական աշխատանքներով են զբաղվում։

Դաժան բան է եղել։ Շատ լավ երեխա էր»։

Գյուղապետն ասաց, որ տղան դժգոհ չէր ծառայությունից, կապի մեջ էր ծնողների հետ. «Ինձ զանգեցին, կանչեցին զինկոմիսարիատ, դրանից հետո միասին եկանք իրենց տուն»,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։