Մահացածի մարմինը տեղափոխող մեքենայի վարորդը գումար է պահանջել
Ինչքան էլ ՔՊ-ական իշխանությունը ժամանակ առ ժամանակ խոսում է իրականացվող բարեփոխումների մասին, սակայն, որոշ դեպքերում բարեփոխումների անվան տակ իրականացվում է ճիշտ հակառակը, և այդ «բարեփոխված» մարմինները սկսում են էլ ավելի վատ աշխատել, ավելին՝ զբաղվել քողարկված կաշառակերությամբ, հաշվի չառնելով քաղաքացիների հոգեկան և ֆինանասկան վիճակը։
Նման մի դեպք էլ տեղի է ունեցել օրեր առաջ դիահերձարանի մատուցած ծառայության հետ կապված։ Oragir.News-ին ահազանգած քաղաքացին պատմեց, որ օրերս իր մեծահասակ մայրը մահացել է, զանգել է շտապօգնություն, որից հետո բժիշկների խումբը եկել, գրանցել է նրա կենսաբանական մահը։
«Շտապօգնության բժիշկն ասաց, որ զանգահարենք դիահերձարան, որպեսզի գան մայրիկիս մարմինը տեղափոխեն։ Զանգահարեցի դիահերձարան, մահացածի տվյալները գրանցելուց հետո միանգամից տեղեկացրեցին, որ պետք է քարտով 10.000 դրամ վճարենք, իբրև պետական մուծում, որի համար մեզ ոչ մի անդորրագիր չտվեցին։
Մի քանի ժամ անց դիակ տեղափոխող ավտոմեքենան եկավ, և վարորդը հաշվի չառնելով, որ սգի մեջ ենք, առանց ամաչելու ասաց՝ 10․000 օնլայն վճարում արեք, մեզ էլ՝ ինչ տաք, տաք»։
Մեր զրուցակցի խոսքով՝ օրինական և անօրինական վճարումները ստանալուց հետո վարորդն ու դիահերձարանի աշխատակիցը հեռացել են։ Եվ ինչպես հետո է պարզվել, վարորդն «ինչ տաք, տաք»-ն ասել է բարեկամներից մի քանիսի մոտ, և բոլորից էլ 5000-ական դրամ «պագևավճար» է ստացել։
«Այդ պահին, բնականաբար, ոչ մեկիս աչքին այդ անհասկանալի գումարի վճարումը չէր երևում։ Իսկ աբսուրդայինը վարորդի պահվածքն էր։ Մարդիկ հոգեպես վատ վիճակում էին, հուզված, բայց նա ումից հասցրել, գումար է վերցրել։ Ոչ մի բան չի փոխվում այս երկրում, ոչ մի կառույց չի հսկվում, դրա համար էլ այս օրին ենք»,- եզրափակեց քաղաքացին։