Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ Մ2 ատոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գխիվայր հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ վթարից հետո մեծ թվով վարորդներ ավտոմեքենաները կայանել էին ճանապարհին և ստեղծել էին արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը կարճ ժամանակում կարգավորվեց:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արայիկ Հ.-ն է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: