Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. մահացածը Չինաստանի քաղաքացի է
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:15-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ։
Մինչ կժամաներ քննչական խումբը, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վրաերթ կատարած ավտոմեքենան դեպքի վայրից, որը ժողովրդին ավելի հայտնի «Տեցի կրուգ»-ն է, ուղղություն է վերցրել դեպի «Սասունցի Դավիթ» կայարանի կողմ։
Պարեկները՝ գնդի հրամանատար Ա. Իսախանյանի, գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի ավագ տեսուչ Ասատուր Դոլինյանի գլխավորությամբ, մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան՝ կայանված վիճակում, իսկ մեքենայից մի քանի մետր այն կողմ հայտնաբերում են 2 քաղաքացիների։ Զրույցի ընթացքում այդ քաղաքացիները պարեկներին հայտնում են, որ մեքենան իրենցն է, բայց իրենք իրենց համար կանգնած են։ Ու այստեղ կարճ ժամանակում պարեկներին հաջողվում է պարզել, որ վրաերթը տեղի է ունեցել նշված մեքենայով, ինչից հետո արդեն նշված վայր է ժամանում քննչական խումբը, որտեղ էլ քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվում և տեղափոխվում են ձերբակալվածների պահման վայր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և կասկածյալների ինքնությունը։
Գ Շամշյանի տեղեկություններով կասկածյալներին են Երևանի բնակիչներ 27-ամյա Մ. Օսիպովը և 39-ամյա Ա. Գաիջյանը։ Մ. Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, երկուսն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։ Իսկ մահացածը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



