Մալաթիայում «ՍԱՍ»-ի Արտակը քանդել է տվել սուպերմարկետի դիմացի գազոնը, կտրել ծառերը, որ ավտոկայանատեղին մեծացնի
Մալաթիայում «ՍԱՍ»-ի Արտակը քանդել է տվել սուպերմարկետի դիմացի գազոնը, կտրել ծառերը, որ ավտոկայանատեղին մեծացնի
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պարզաբանեց՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին։
Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի 40/14 հասցեի մոտ՝ «Սաս գրուպ» սուպերմարկետի տարածքում, կանաչապատ գազոնային հատվածը տնտեսվարողը քանդել է, կտրել ծառերը, տարածքն էլ՝ ասֆալտապատել։
«Գիշերը տնտեսվարողը այդ հատվածը քանդել է՝ կայանատեղին ավելի մեծացնելու համար, բայց առավոտյան մենք ֆիքսել ենք դա։ Դիմեցինք Ոստիկանություն, տեղյակ պահեցինք թաղապետին։
Մեր ուժերով քանդվեց ասֆալտապատ հատվածը, գազոնային կանաչապատ տարածքն էլ վերականգնեց տնտեսվարողը»,- մանրամասնեց նա։
Գազոնային հատվածում եղել է 4 հատ տուա տեսակի ծառ, որոնք նույնպես տնտեսվարողը կտրել է, հեռացրել արմատից։ ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ ծառերի հետ կապված հարցը քննարկել են, այժմ պետք է որոշեն, թե ինչ ծառատեսակներ տնկվեն։
Դրանք ևս վերականգնելու է տնտեսվարողը։
Նշենք, որ «Սաս» գրուպի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանն է, որը հանրությանն առավել հայտնի է «ՍԱՍ»-ի Արտակ անվամբ: