Uncategorized

Ճանապարհի մերկասառույցի պատճառով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Մ. Չայլախյան փողոցում՝ ժողովրդին ավելի հայտնի Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ, բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Գագիկ Բուլղադարյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ նշում էին, որ հունվարի 2-ից մինչև այսօր մերկասառույց ճանապարհի պատճառով 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար առանց զոհերի ու վիրավորների։ Ու եթե Կենտրոնի թաղապետարանը բարեհաճեր ժամանակին աղ ու ավազով մշակեր ճանապարհը, ապա այդ վթարները տեղի չէին ունենա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։